Հոկտեմբերի 18-ին ԵՊԲՀ Կարմիր դահլիճը լեփ-լեցուն էր։ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի հոբելյանն էր, ինչի առիթով տեղի ունեցավ «Սեռական և վերարտադրողական առողջության մուլտիդիսցիպլինարային ասպեկտները» հոբելյանական միջազգային երկօրյա գիտաժողովը՝ նվիրված ամբիոնի հիմնադրման 20-ամյակին։
Մասնակիցների թիվը հասնում էր 500-ի։ Գիտաժողովին սեռական և վերարտադրողական առողջության բնագավառի արտասահմանցի և տեղացի առաջատար մասնագետները ներկայացրին ոլորտի արդի թեմաներն ու կիսվեցին մասնագիտական փորձով: Ողջունելով գիտաժողովի մեկնարկը՝ ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆ. Արմեն Մուրադյանը մասնակիցներին մաղթեց արդյունավետ քննարկումներ՝ բարձրացված բոլոր հարցերի ուղղությամբ: «Գիտաժողովը երկար տարիների գիտական-գործնական հետազոտությունների տրամաբանական շարունակությունն է», - ասաց ռեկտորը: Արմեն Մուրադյանի խոսքով՝ այսօր հնարավորություն է ստեղծվել տարիներ առաջ փակ թեմաներ համարվող արդիական հարցերը դարձնել քննարկման առարկա: «Տղամարդու և կնոջ փոխհարաբերության խնդիրները տարբեր հարթակներում ուշադրության կենտրոնում են, սակայն սեքսոպաթոլոգիային վերաբերող հարցերի ակադեմիական ձևաչափը կարևոր է և արդիական», - ընդգծեց ԵՊԲՀ ռեկտորը: Գիտաժողովը ընդգրկում էր բժշկության տարբեր ոլորտները՝ սեքսոլոգիա, անդրոլոգիա, ընտանեկան բժշկություն, հոգեբուժություն, հոգեթերապիա, բժշկական հոգեբանություն, էնդոկրինոլոգիա, նյարդաբանություն, հանրային առողջություն, գինեկոլոգիա, ուրոլոգիա, ռեպրոդուկտոլոգիա, փիլիսոփայություն, էթիկա, որոնք անմիջական կապ ունեն սեռական առողջության պահպանման գործում: Հոգեբույժ, սթրեսոլոգ պրոֆեսոր Ադել Թադևոսյանը, ընդգծելով գիտաժողովի կարևորությունը, նշեց, որ սեքսոպաթալոգիայի խնդիրները բխում են նաև այլ ոլորտներից, և այս գիտաժողովը կազմակերպվել է՝ հաշվի առնելով, հատկապես, բժշկության տարբեր ոլորտների մասնագետների ներգրավվածությունն ու մասնակցությունը: Նա հույս հայտնեց, որ գիտաժողովն արդյունավետ կլինի յուրաքանչյուրի համար: «Սեռական առողջությունը հարակից մասնագիտությունների դիտակետում» խորագրի ներքո զեկուցումներով հանդես եկան ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը՝ «Սեքսոլոգիայի ուսուցման հարցերը ընտանեկան բժիշկների հետդիպլոմային կրթական ծրագրում» թեմայով, Նյարդաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը՝ «Կոնքային խրոնիկ ցավի համախտանիշ» թեմայով: ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ելենա Աղաջանովան՝ «Տրանսգենդերային երեխաներ և դեռահասներ» թեմայով, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը՝ «Հոգեկան գործոնի դերը սեռական խանգարումների գենեզում» թեմայով և այլն: Կիևի գլխավոր սեքսոպաթոլոգ, ընտանիքի պլանավորման, սեքսոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի կենտրոնի ղեկավար, ԽՀԿԲԱ սեքսոլոգիայի և բժշկական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Բորիս Վորնիկը ներկայացրեց՝ «Սերմնաժայթքման խանգարումների ախտորոշման և բուժման ժամանակակից սկզբունքները» թեման, Վրաստանի ուրոլոգիական ասոցիացիայի կանանց ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար, ուրոլոգ Ա. Խելայիան անդրադարձավ «Պրոստատիտով պացիենտի սեռական խանգարման բուժման առանձհատկությունները» թեմային, «Սթրեսով պայմանավորված սեռական խանգարումների բուժման ժամանակակից մոտեցումները» գեղարվեստական դասախոսությունըը ներկայացրեց հոգեբույժ, սթրեսոլոգ պրոֆեսոր Ադել Թադևոսյանը։ ՄՀԿԲԱ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սվետլանա Կալինչենկոն ներկայացրերց «Տղամարդու անպտղության էնդոկրին ասպեկտները» դասախոսությունը: Գիտաժողովի երկրորդ օրը Հանքավանում տեղի ունեցավ «Սթրես, հորմոններ և սեքս» գիտագործնական արտագնա սեմինարը, որի ընթացքում արտասահմանցի մասնագետները ներկայացրեցին կլինիկական ուշագրավ դեպքեր: